Ես դեմ եմ ամեն տեսակի անժամկետ հացադուլներին. պետք է հացադուլի որոշակի ժամկետ հայտարարվի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի անժամկետ հացադուլին:
«Հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մտադիր է հացադուլը շարունակել մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Այսինքն գոնե ինչ-որ ժամկետ արդեն նշվել է, որն արդեն դրական երեւույթ կարելի է համարել», - նշել է նա:
Ինչ վերաբերում է պետության ղեկավարի մեկ այլ թեկնածու` Արման Մելիքյանի՝ Հայաստանից բացակայող մարդկանց ցուցակները հրապարակելու վերաբերյալ պահանջին, Լարիսա Ալավերդյանը դա միանգամայն լուրջ եւ տեղին է անվանել: Նա նաեւ հավելել է, որ սխալ ռազմավարության եւ մարտավարության հետեւանքով երկրում շարունակվում է քաղաքական վակուումը:





























