Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի ընթացքում նա դիմադրել է եւ, եթե չդիմադրեր հավանաբար կարձակվեր նաեւ երրորդ կրակոցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, նշելով, որ այդ մասին իրեն ասել է Պարույր Հայրիկյանը, երբ ինքը գնացել է նրան տեսակցության:

«Ինձ ավելի շատ նրա առողջությունն է հետաքրքրում: Բայց նա նաեւ ասաց, որ լավ է, որ  իր զենքը չի հանել: Ասաց, որ եթե իր զենքը հաներ, մարդասպանը մի հատ էլ կկրակեր, ինչը կարող էր անդառնալի հետեւանքներ թողնել»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am