Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է:
«Հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին եւս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























