Հնարավոր է, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելը ձեռնտու է որոշ ուժերի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն ուղղված էր ոչ միայն նրա, այլեւ ամբողջ երկրի դեմ: Ի պատասխան այն հարցին, թե կարող է արդյոք  միջադեպը թեկնածուների քաղաքական համախմբման հիմք դառնալ, նա նշել է. «Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ մեր ընդդիմադիր ուժերը բոլորովին տարբեր դիրքորոշումներ ունեն: Սակայն համախմբումը հնարավոր կլինի միայն ճգնաժամի հաղթահարման եւ տվյալ իրադրությունից դուրս գալու նպատակով` առանց որեւէ լրացուցիչ կորուստների»: Ըստ Ալավերդյանի`  վերջին միջադեպը մեր ժողովրդին «վախեցնելու քայլ է»:

Հիշեցնենք, հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց՝ Տպագրիչների 9 հասցեում (Ֆոտոռեպորտաժ): Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարուցվել է քրեական գործ: