Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան դիմաց հրազենային վնասվածք ստացած եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր` փետրվարի 1-ին, վիրահատված Պարույր Հայրիկյանին շարունակում են այցելել բարձրաստիճան պաշտոնյաններ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Նրան այսօր նորից այցելել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ այլք: Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավականին բարձր է, որովհետեւ ինքն  էլ զգում է, որ  իր վիճակը բավականին լավ ընթացքի մեջ է: «Փառք Աստծո վիրահատությունից հետո մեր սպասումներից վերականգնման գործընթացն ավելի արագ է գնում, դա մեզ ուրախացնում է: Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ինքը ոտքի կկանգնի եւ բժիշկներն այդ առումով  դրական գնահատակններ են տալիս: Մենք իր հետ  խոսեցինք, լավ տրամադրության մեջ էր, կատակներ էր անում»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով`Պարույր Հայրիկյանը  այս պահի դրությամբ հիմնականում կենտրոնացած է իր վիճակի վրա եւ փառք է տալիս Աստծուն, որ հրեշատկներն իր կողքին էին եւ օգնեցին: Պարույր Հայրիկյանը Տիգրան Սարգսյանին պատմել է, թե ինչպես է ամեն ինչ պատահել, դեռ ոչ մի գնահատական չի տվել, նշել է, որ  ոչ մի թշնամի չուներ եւ ընտանիքի անդամներն էլ նշել են, որ չկա կանխավարկած, թե որեւիցե մեկը ցանկանում էր իրենից հաշիվ մաքրել:

Անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգմանը` Տիգրան Սարգսյանն ասաց, որ չափազանց կարեւոր է Պարույր Հայրիկյանի առողջացման այս փուլը եւ թե երբ նա պատրաստ կլինի նախընտրական գործընթացների մեջ ներգրավելուն: Վարչապետի խոսքով` այդ առումով Հայրիկյանը իր  կարծիքը կհայտնի եւ դա կախված է լինելու նրանից, թե վերականգնման այս փուլն ինչպես է ընթանալու: «Բնականաբար մենք բոլոր ծառայությունների հետ մշտական կապի մեջ ենք այս պահին ոչ մի վարկած չի բացառվում»,- նշեց վարչապետը` շեշտելով, թե որ վարկածը կլինի ավելի իրատեսական, դա ժամանակը ցույց կտա:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ բոլոր թեկնածուների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն եւ նախընտրական փուլը չխաթարվի: «Մենք որպես իշխանություն ամեն ինչ անելու ենք, որ այդ հավասարության սկզբունքը չխաթարվի, եւ այդ առումով չափազանց կարեւոր է լինելու Պարույր Հայրիկյանի տեսակետը: Մենք որպես կառավարություն ամեն ինչ անելու ենք որպեսզի ապահովենք թեկնածուների անվտանգությունը եւ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, լրացուցիչ միջոցառումներ կիրականցնենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազ

րկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: