ICES կենտրոնի դիտորդական առաքելությունը փետրվարի 3-ից սկսում է Հայաստանի նախընտրական քարոզարշավի դիտարկումը՝ անկախ նրանից՝ կհետաձգվե՞ն ընտրությունները, թե՞ ոչ։ Այդ մասին ասված է ICES կենտրոնի՝ NEWS.am-ին ուղարկած հաղորդագրությունում։

 «ICES-ի փորձագետները ցնցված են Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձից եւ նրան շուտափույթ ապաքինում են մաղթում», - ընդգծված է հայտարարությունում։

Երկարաժամկետ դիտորդական խմբում ութ փորձագետ կա։ Խումբը նախատեսում է հանդիպումներ կազմակերպել նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների, կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Խմբի աշխատանքի արդյունքում ICES-ը երկրորդ միջանկյալ հաշվետվությունը կներկայացնի։

Եթե ընտրությունները չհետաձգվեն, կարճաժամկետ դիտորդների հիմնական խումբը Հայաստան կժամանի փետրվարի 14-ին։

ICES-ի առաքելության կազմում ընդգրկված 35 փորձագետները ներկայացնում են Եվրամիության տասը երկրներ, ԱՄՆ-ն եւ Իսրայելը։

Խմբի կազմում  երեք ֆունկցիոնալ  խմբեր են ձեւավորվել՝ «քաղաքական», որում ընդգրկվել են Եվրախորհրդարանի եւ ազգային խորհրդարանների պատգամավորներ, քաղաքագետներ, «իրավաբանական», որում ընդգրկված են իրավաբաններ եւ նախկին դիվանագետներ, եւ «լրատվամիջոցների», որում քաղաքական տեսաբաններ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ Առաքելությունը գլխավորում է  ICES-ի նախագահ, Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։