Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին առանց խոչընդոտների թույլ են տվել մտնել հիվանդանոց վերակենդանցման բաժանմունք եւ տեսակցել Պարույր Հայրիկյանին: Նա այնտեղ է մտել Բաղդասար Մհերյանի հետ, ում հետ վաղեմի ծանոթներ են: Այս մասին Սեդրակյանն ասաց, այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, թե չի հասկանում, թե ինչու են ասել, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Հայրիկյանի հետ: «Ես հասկանում եմ, որ որոշ լրատվամիջոցներ հովանավորվում են: Ես մեղավոր չեմ, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չեն առաջադրել իրենց թեկնածուներին»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Նա համաձայն չէ, որ սա հարված էր պետականությանը: Ըստ Սեդրակյանի՝ պետականության դեմ ուղղված հարվածը 2008-ի «մարտի 1-ն» էր, իսկ ժողովրդի դեմ ուղղված հարվածը՝ 1999-ի «հոկտեմբերի 27»-ը: «Կամ որ ասում են՝ Պարույր Հայրիկյանն անկախության խորհրդանիշն է, ինչո՞ւ մինչեւ այդ չէին հիշում: Ի՞նչ է, մի մանդատի էլ արժանի չէ՞ր, Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
«Իսկ, եթե Հայրիկյանն էլ ասում է, թե մահափորձից հետո իր վարկանիշը բարձրացավ, հուսով եմ չեն մտածի, որ դա ինքն է արել»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Նախագահի թեկնածուն նշեց նաեւ, որ մահափորձը հաստատ իշխանությանը պետք չէր, իսկ մյուս թեկնածուներին, եթե պետք էլ լիներ, այդ ուժը չունեն: Տեղի ունեցածի կենցաղային վարկածը նա եւս հավանական չհամարեց, փոխարենը չբացառեց ընտրություններում չառաջադրված ուժերի, ինչպես նաեւ արտաքին ուժերի գործոնը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























