Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա են տարաձայնություններ մի քանի հարցերի շուրջ, սակայն գործընկերության հնարավորություն կա, որը կնպաստի երկու երկրների անվտանգությանը։ Այդ մասին ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում։

«Մենք միամիտ չենք մեր հարաբերություններում, մենք ամեն հարցում չէ, որ համամիտ ենք։ Օրինակ, մենք երբեք չենք ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Այդ ամենը մեր դիրքորոշման շրջանակում է, այն չի փոխվել։

Մենք լուրջ տարաձայնություններ ունենք Սիրիայի, հակահրթիռային պաշպանության, ՆԱՏՕ-ի ընդլայնման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում։ Եվ այդ տարաձայնություններն իրական են։ Բայց մենք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության, գործընկերության հնարավորություններ ենք տեսնում՝ հօգուտ անվտանգության ոլորտում մեր ընդհանուր շահերի, հօգուտ միջազգային հանրության բարօրության», - Բայդենի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսը աշխատանքը սկսել է փետրվարի 1-ին։ Կոնֆերանսի շրջանակում նախատեսված է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։