Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի, արտգործնախարար Լորան Ֆաբիուսի եւ զարգացման նախարար Պասկալ Կանֆենի ուղեկցությամբ մեկնել է Մալի։
Երկրի ժամանակավոր ղեկավար Դիոնկունդա Տրաորեն Սեւարե քաղաքի օդանավակայանում դիմավորել է նրանց։ Reuters-ը գրում է, որ Մալիում նախագահը կհանդիպի իսլամիստների դեմ գործողությանը մասնակցող ֆրանսիացի զինվորների հետ։
Ելիսեյան պալատից հայտնում են, որ Օլանդը նախատեսում է այցելել նաեւ այս շաբաթ ֆրանսիական զորքերի ազատագրած Թիմբուքթու քաղաք եւ հայտնել առաքելության առաջիկա ծրագրերը, հայտնում է rbc-ն։
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ այժմ աֆրիկյան երկրները պետք է շարունակեն գործը։ Մալիում ֆրանսիական միջամտության ժամանակավոր բնույթի մասին ավելի վաղ հայտնել էր Օլանդը, գրում է «Ռոսբալտ»-ը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական զորքերին հաջողվել է բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքում։ Հունվարի 11-ին իսլամիստները սպառնում էին մայրաքաղաք Բոմակոյին, իսկ այժմ նրանք հեռու են վտարվել եւ դեռ նախորդ տարվա ամռանը գրաված տարածքները կորցնելու վտանգի տակ են։





























