Թուրքիայի մայրաքաղաքի Փարիզի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյուն կազմակերպած մահապարտը Թուրքիա էր եկել Գերմանիայից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյուն կազմակերպած DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) անդամ Էջեւիթ Շանլըն ապրել է Գերմանիայում եւ դեպքից օրեր առաջ անօրինական ճանապարհով է Թուրքիա մտել։ Նա ԱՄՆ դեսպանատանը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, թե իբր Գերմանիայի քաղաքացի է եւ ցանկանում ԱՄՆ մեկնելու համար մուտքի վիզա ստանալ։

Նշվում է, թե հարձակման նախապատրաստումն իրականացվել է Գերմանիայում։

Թուրքիայում իրավապահները փորձում են գտնել այն անձանց, ովքեր օգնել են մահապարտին մտնել Թուրքիա եւ կազմակերպել պայթյունը։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունն իր հերթին զգուշացրել է գերմանացի գործընկերներին՝ հիշյալ գործով խորացնել հետաքննությունը։

Նշենք, որ փետրվարի 1-ի կեսօրին Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի շենքում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետեւանքով մահացել է դեսպանատան թուրք աշխատակիցներից մեկը եւ մահապարտը։