Ռուսաստանը վաղուց առաջարկում է Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» նոր հանդիպում անցկացնել, Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե 2012թ. հունիսի 3-ին Ժնեւում «գործողությունների խմբի» բոլոր մասնակիցները բարեխղճորեն ձեռնամուխ լինեին համատեղ ձեւակերպված մոտեցումների իրագործմանը, ապա Սիրիայի այսօրվա «ողբերգական, սարսափելի իրավիճակը կարող էր եւ չլինել»։
Լավրովը նշել է, որ «արաբական գարնան» գործընթացների վերաբերյալ պարզեցված սխեմաներից եւ կարգախոսներից պետք է հրաժարվել։
«Եթե մենք ընդհանուրի բարօրության համար շահագրգռված ենք համատեղ գործողություններում, ապա պետք է հանել «գաղափարական ակնոցը»։
Լավրովը նաեւ վստահեցրել է, որ Սիրիայի կառավարությունը վերահսկում է քիմիական զենքի հետ կապված իրավիճակը, լուրջ մտավախությունների հիմք չկա;
«Մենք հուսալի տեղեկություն ունենք, վստահ ենք, որ առայժմ Սիրիայի կառավարությունը վերահսկում է իրավիճակը։ Կարեւորագույն սպառնալիք կլինի այն, եթե ապստամբները տիրանան այդ զենքին։Բայց առայմ լուրջ մտավախությունների հիմք չկա»։
Պատասխանելով հարցին, թե կաջակցի արդյոք Մոսկվան Սիրիայում օդից հսկվող հումանիտար միջանցքի ստեղծմանը, Լավրովը հայտնել է, որ Մոսկվան չի աջակցի նման միջանցքի ստեղծմանը: «Ուժի ցանկացած կիրառում անընդունելի է», - ասել է նա: Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոն Բայդենը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ խոսելիս բոլորին կոչ է արել համաձայնել Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռանալու անհրաժեշտությանը: «Նա պետք է հեռանա: Նա պետք է հեռանա: Բոլորը պետք է համաձայնեն դրան»,- Բայդենի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:





























