Աֆղանստանում մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո հետ կկանչվեն նաեւ ադրբեջանցի խաղաղարարները։
ԱՊԱ-ին կառավարության աղբյուրը հայտնել է, որ այդ կապակցությամբ իշխանության վերին էշելոններում քննարկումներ են տարվում, եւ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո ադրբեջանական զինծառայողների մնալը անհնար է թվում ։
Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջն ԱՊԱ-ին հայտնել է, որ այդ հարցը քննարկվում է: ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերի հետ զուգահեռ Աֆղանստանից դուրս կբերվեն նաեւ ադրբեջանցի զինծառայողները: «Այդ կապակցությամբ խորհրդարանում առաջարկ կներկայացվի: Կարծիք կար, որ ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո ԱՖղանստանում հիմնական առաքելությունը կստանձնի Թուրքիան, եւ ադրբեջանցի խաղաղարարները Աֆղանստանում կմնան նրա հրամանատարության տակ: Սակայն իրավիճակն արդեն փոխվել է: Աֆղանստանի տարածաշրջանային եւ միջազգային իրադրության հետ կապված փոփոխությունների պատճառով մենք դուրս կհանենք նաեւ ադրբեջանցի խաղաղարարներին, իսկ երկրում իրավիճակը կվերահսկեն տեղական զինվորական ուժերը եւ Աֆղանստանի ոստիկանությունը»:
Այս պահին Ադրբեջանի զինվորականների թիվն Աֆղանստանում 90 է: Ադրբեջանցի զինծառայողները ISAF-ի գործողություններին մասնակցում են թուրքական զորքի կազմում: Նրանք պահպանում են Քաբուլի հեռուստաաշտարակը, ISAF-ի կենտրոնական զինանոցը, ինչպես նաեւ պարեկային ծառայություն են իրականացնում:





























