Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարեւորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձաժողովների անդամների եւ դիտորդների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները:
Քննարկվել են նաեւ ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված հարցեր, հստակեցվել են դիտորդների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպման ավարտին եւս մեկ անգամ ընդգծել է դիտորդական առաքելությունների ներկայացրած զեկույցների եւ դրանցում զետեղված առաջարկությունների կարեւորությունը ընտրությունների կազմակերպման հատագա աշխատանքներում:





























