Ավարտվել է իռլանդացի 68-ամյա միլիոնատեր Քեւին Մաքթիվերի առեւանգման ութամսյա պատմությունը, որին երեք անհայտ դիմակավոր անձինք առեւանգել էին նախորդ տարվա հունիսին՝ իռլանդական Կրաուվել քաղաքի իր առանձնատան այգուց։ Առեւանգողները միլիոն դոլարի փրկագին էին պահանջում։ Գտնված միլիոնատերը պնդում է, որ ռուսական մաֆիայի զոհ է դարձել։ Գործարարը առեւանգողների դեմքերը չի տեսել, միայն վստահեցնում է, որ նրանք ռուսերեն էին խոսում։ Քեւին Մաքթիվերը ռուսերեն ընդամենը մի քանի բառ գիտի։ Քեւինը հայտնել է, որ իրեն ծեծել են եւ տանջել։
Բոկոտն, ոտքի վրա հազիվ կանգնող Մաքթիվերին Բալինամորից ոչ հեռու գտել է ամուսնական մի զույգ։ Նա խիստ հյուծված է եղել, բոկոտն, եղունգներն ու մազերը երկարած, մորուքով։ Քեւինն ասել է, որ ավազակներն իրեն գիշերը ֆուրգոնից նետել են՝ առանց որեւէ բացատրության։
Փրկագին ստանալու համար Քեւին Մաքթիվերին առեւանգելը հեշտ է բացատրել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։ Մի քանի տարի առաջ շինարարական բումի ընթացքում նա հարուստ հայրենակիցներին Դուբայում գտնվող վիլլաներ էր վաճառում։ Քեւինն ապրում է 3 մլն եվրո արժողությամբ առանձնատանը։





























