Հունվարի 31-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Մյանմարի Միության Հանրապետության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Չաո Տինը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւել է երկու երկրների դեսպանների զրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը: Կողմերը ընդգծել են նաեւ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ Մյանմարում դարեր ի վեր հաստատված հայ համայնքի գործունեությանը:

Նշենք, որ Մյանմարի Միությունը Հարավարեւելյան Ասիայի պետություններից է: Մինչեւ 1989թ. երկրի անվանումներն են եղել` Բիրմա (Բիրմայի Միություն), Բիրմայի Միության Սոցիալիստական Հանրապետություն: 1989 թվականից Բիրմայի իշխանությունները վերանվանել են այն Մյանմար (Մյանմարի Միություն): Տարածքը` 678 500 ք/կմ, մայրաքաղաքը` Ռանգուն (Յանգոն), բնակչությունը` շուրջ 54 մլն., բնակչության մոտ 90%-ը դավանում է բուդայականություն, բնական պաշարները` նավթ, փայտանյութ, անագ, ծարիր, ցինկ, պղինձ, վոլֆրամ, ծծումբ, քարածուխ, մարմար, կրաքար, թանկարժեք քարեր:

Երկրի առեւտրաշատ քաղաքներում հայերը հաստատվել են դեռեւս XVI դարի 1-ին կեսին: XVIII դարի 2-րդ կեսին համայնքն աշխուժացել է Հնդկաստանից ու Նոր Ջուղայից եկած հայերի հաշվին: Հայերը մենաշնորհ են ունեցել սուտակի վաճառքի ոլորտում, ունեցել են լեղակի արտադրության գործարաններ: Հայտնի էին Խոջա Փանոս Քալանթարը, թագավորի վեզիր Խոջա Գրիգոր Այվազյանը, նավապետ Խոջա Սիմոնը, արքունիքի գանձապետ Նիկողայոս Աղազարյանցը, նախարար Իշխան Գրիգոր Մանուկյանը, Ծաղիկ Մանուկյան-Գեւորգյանը, նավթարդյունաբերող Առաքել Մարտիկյանը, Պենգու նահանգի կառավարիչ Մկրտիչ Հովսեփ Մինասյանը եւ ուրիշներ: Ռանգունում (այժմ` Մյանմարի ամենամեծ քաղաքը) հայերը ղեկավարել են հայտնի «Սթրենդ հոթել» հյուրանոցային համալիրը: Հայկական «Մարտին եւ Նահապետյան ընկերությունը» կառուցել է Մյանմարի անկախության հուշարձանը Ռանգունում, օդանավակայանը, բազմաթիվ կամուրջներ, շենքեր եւ այլն:

Դեռեւս 1907 թվականին երկրի բարձրագույն դատարանի կողմից հաստատվել է հայ համայնքի կանոնադրությունը, որով համայնքն առաջնորդվել է մինչեւ 1940թ.: Հայերն իրենց մասնակցությունն են բերել նաեւ տարբեր ժամանակներում գաղութարարների դեմ Մյանմարի ժողովրդի մղած պայքարին: Ներկայումս Մյանմարում բնակվում է շուրջ 150 հայ՝ Ռանգունի հայոց եկեղեցու շրջակայքում: