Գլենդեյլում կայացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունը վերջին 4 տարիներին ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաեւ բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:

Հավաքին մասնակցել է ավելի քան 60 երկրի դիվանագետ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու եւ միջազգային առեւտուրը խթանելու թեմաները:

Դիվանագետների հավաքին մասնակցել է նաեւ Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Քալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը:

Հյուպատոսական հավաքն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման վերջում օտարերկրյա դիվանագետները վայելել են հայկական երաժշտություն եւ հայկական խոհանոցի խորտիկներ: