Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ իրեն պայթեցրած մահապարտն ավելի վաղ քաղաքական ապաստան էր խնդրել Գերմանիայից, սակայն մերժվել էր: 

«Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Էջեվիտ Շանլին 1997թ. Թուրքիայում ահաբեկչական գործունեության համար դատապարտվել էր ազատազրկման, սակայն ազատ էր արձակվել, երբ փորձաքննությունը ցույց էր տվել, որ նա հոգեկան հիվանդություն ունի: 

2001թ. Շանլին Թուրքիայից փախել էր եւ քաղաքական ապաստան խնդրել ԳԴՀ-ում, սակայն մերժում էր ստացել, քանի որ քաղաքական հետապնդման չէր ենթարկվել:  Ըստ գերմանական լրատվամիջոցների` իշխանությունները չեն հետեւել Շանլիին, կարծելով, որ նա «վտանգ չի ներկայացնում»: Երկու շաբաթ առաջ նա անօրինական ճանապարհով  Գերմանիայից Ստամբուլ էր ժամանել Հունաստանով եւ եկել Անկարա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Հիշեցնենք, որ ահաբեկչութւյան հետեւանքով զոհվել էր ԱՄՆ-ի դեսպանատան թուրք հսկիչը:  Վնասվածքներով հիվանդանոցում էր հայտվել NTV հեռուստաալիքի նախկին թղթակցուհի Դիդեմ Թունջայը: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

DHKP-C ձախ խմբավորումը ստեղծվել է 1978թ. եւ  ներկայանում է որպես ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդդիմադիր:  Նախկինում DHKP-C-ը ստանձնել  էր  ամերիկացի զինծառայողների եւ այլ արտասահմանցիների վրա հարձակումների պատասխանատվությունը:  ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում խմբավորումն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: