Բաքուն Հայաստանին չի թույլատրի «օկուպացված» Լեռնային Ղարաբաղի օդային տարածքով քաղավիացիայի թռիչքներ կատարելը, բայց՝ առանց ռազմական միջոցների կիրառման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանական կողմը չի թույլատրի ապօրինի թռիչքներ կատարել իր օդային տարածքով: Մյուս կողմից, Ադրբեջանն իհարկե չի պատրաստվում կործանել քաղաքացիական օդանավերը», - փետրվարի 4-ին լրագրողներին ասել է փոխնախարարը՝ մեկնաբանելով Երեւանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն այն մասին, որ ինքը լուրջ չի ընդունում Ստեփանակերտի օդանավակայան թռչելու դեպքում Ադրբեջանի կողմից հայկական քաղաքացիական օդանավերը կործանելու հնարավորությունը:
Ա. Ազիմովը նշել է, որ Չիկագոյի կոնվենցիայում գոյություն ունեն համապատասխան կանոններ, որոնք ընդունվել են Ադրբեջանի կողմից: «Դրանք օդում օդանավի գրավման կանոններ են` ապօրինի որեւէ թռիչք խափանելու նպատակով, որպեսզի ստիպեն խախտողին վայրէջք կատարել որոշակի օդանավակայանում», - ասել է նա: «Այդ կանոններն ընդունված են եւ կիրառվում են ամբողջ աշխարհում: Այդ պատճառով էլ ճիշտ չէ, երբ որեւէ մեկը նախապես փորձում է շահարկել, որ Ադրբեջանը կհարվածի կամ չի հարվածի քաղաքացիական օբյեկտներին: Եւ դա պրոֆեսիոնալ չէ, այլ խաբեության է նման», - նշել է նախարարի տեղակալը: «Հնարավոր է` Բորդյուժան կատակում է: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, եւ ոչինչ ասել չեմ կարող նրա բնավորության մասին: Ես նրա կողքին չեմ եղել եւ այդ պատճառով էլ չգիտեմ` ինչ հանգամանքներում է նա դա ասել: Այդ պատճառով էլ նման հայտարարությունը մենք կարող ենք միայն որպես կոպիտ կատակ ընդունել», - ասել է նա:
Երեւան այցի շրջանակում, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, Նիկոլայ Բորդյուժան կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից հայկական օդանավերը կործանելու սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը կամ անհաջող մեկնաբանություն է, կամ` անհաջող կատակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել էր, որ Ադրբեջանը համարում է քաղաքակիրթ պետություն, որտեղ նման որոշումներ չեն կարող կայացվել:





























