Շվեդիայում սկանդալ է հասունացել «Ռուսաստանի կողմից սպառնալիքի» պատճառով. Երկրի գլխավոր հրամանատար Սվերկեր Յորանսոնը, ցույց տալու համար, թե որքան կարեւոր է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, հայտարարել է, որ Արեւելքից հարձակման դեպքում Շվեդիան մեկ շաբաթ էլ չի դիմանա:
Շվեդիայի դատախազությունը որոշել է պատժել հրամանատարին` պետական կարեւորության տեղեկությունները հրապարակելու համար: Աժիոտաժն սկսվել է Svenska Dagbladet թերթին տված Յորանսոնի հարցազրույցից հետո: «Մենք երբեք այդքան ուժեղ զինված չենք եղել, որպեսզի ինքնուրույն դիմակայենք Խորհրդային Միությանը կամ Ռուսաստանին: Մեզ ցանկացած դեպքում անհրաժեշտ կլինի դրսի` ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի օգնությունը: Բայց մեր քաղաքական գործիչները թույլ չեն տալիս հասարակության միլիտարիզացիա, որպեսզի մենք կարողանանք մեր ուժերով հետ մղել արեւելքից եկող սպառնալիքը»,-Ամանորի նախաշեմին տված հարցազրույցում հայտարարել է Յորանսոնը, հաղորդում է NEWSru.com-ը:
Ավելի համոզիչ լինելու համար նա հիշեցրել է 2008-ի ռուս-վրացական պատերազմի մասին: «Այդ դրվագը ցույց տվեց, որ Եվրոպայում սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ռազմական սցենարով, առավել եւս, որ Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք Ռուսաստանում բանակի հզոր վերազինում է տեղի ունենում»,- գրում է Svenska Dagbladet-ը:
Յորանսոնի նման հայտարարությունը շոկի մեջ է գցել Շվեդիայի իշխանություններին, գրում է «Կոմերսանտը»: Դատախազները համարել են, որ նման տեղեկությունը կարեւոր է Շվեդիայի դեմ տրամադրված պետությունների համար եւ պահանջել են միջադեպի հետաքննություն իրականացնել:
Գերենալը կարող էր իր արտահայտություններով պետական գաղտնիք հրապարակել եւ վնաս հասցնել երկրի անվտանգությանը, վախեցնում են դատախազները, որոնք, ի դեպ, կասկածի տակ չեն դրել պնդումը, որ Ռուսաստանը Շվեդիայի «գլխավոր թշնամին է»:
Շվեդիայում այս սկանդալից հետո, Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին խոսել են նաեւ Ֆինլանդիայում: Այնտեղ հաշվարկել են, որ արեւելքից հարձակման դեպքում Ֆինլանդիան կկարողանա միայնակ պաշտպանել իրեն: Սակայն Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը չի հստակեցրել, թե որքան ժամանակ իր երկիրը կկարողանա դիմակայել Ռուսաստանին, հաղորդում է Delfi-ն:





























