ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ մի քանի նահանգներ 5 մլրդ դոլարի քաղաքացիական հայց են ներկայացրել Standard & Poor`s վարկանիշային ծառայության դեմ: Նրան մեղադրում են 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին հիփոթեքային արժեթղթերի վարկանիշն ավելացնելու մեջ: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ S&P-ն ճգնաժամի եւ ներդրողների միլիարդների հասնող կորուստների պատճառներից մեկն է:
Հայցը հիմնված է տարբեր էլեկտրոնային եւ այլ հաղորդագրությունների վրա, որոնք, ըստ արդարադատության նախարարության, վկայում են, որ S&P-ի ղեկավարությունն իմացել է բնակարանային շուկայի անխուսափելի անկման մասին, սակայն չի իջեցրել հարյուրավոր արժեթղթերի վարկանիշը՝ մտավախություն ունենալով, որ դա վնաս կհասցնի ընկերություններին եւ կզայրացնի գործակալության հաճախորդ նրանց տերերին:
Արդյունքում բարձրացված վարկանիշների պատճառով բանկերը եւ այլ ներդրողներ հինգ միլիարդ դոլարից ավելի կորուստ են ունեցել, ասված է հայցում, գրում է NEWSru.com-ը:
Թեեւ հայցը դեռ նոր է ներկայացվել, S&P-ն արդեն առաջին կորուստներն է կրել: Երբ մամուլում հայտնի է դարձել պատրաստվող դատավարության մասին, McGraw-Hill ձեռնարկության բաժնետոմսերը, որի «դուստրն» է համարվում S&P-ն, էժանացել են 11%-ով, իսկ հետո՝ 23%-ով՝ ընկերությանը զրկելով 3,5 միլիարդ դոլարից:
Ներկա հայցը 2009թ.-ից տարվող «Ալքիմիա» կոդային անվանմամբ հետաքննության հանգուցալուծումն է: Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության՝ հենց ալքիմիայով էլ զբաղվել է S&P-ն՝ իր վարկանիշների օգնությամբ իրականում «արճիճ» հանդիսացող արժեթղթերը «ոսկու» տեղ ներկայացնելով:




























