Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու նպատակով գյուղացիները էժան դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ կստանան:

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 7-ին որոշեց 3 մլրդ 16 մլն դրամ հատկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ դիզվառելիքի եւ ազոտական պարարտանյութի ձեռքբերումը եւ բաշխումը սուբսիդավորելու նպատակով;

Հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին կվաճառվի 6 հազար դրամով, ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է նաեւ ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ։

Նշենք, որ դիզվառելիքի շուկայական գինը 440-450 դրամ է՝ լիտրի համար, իսկ ազոտական պարարտանյութի 1 պարկի գինը կարող է հասնել մինչեւ 10 հազար դրամի: