2013 թ. հունվարի 1-ից ատամնաբուժական ծառայությունների համար սահմանվեցին արտոնագրային նոր վճարներ: Երեւանում ատամնաբույժներն ու ատամնատեխնիկները պետք է վճարեն ամսական 80 հազ. դրամ, իսկ մարզերում՝ 14-57 հազ. դրամ: Սույն որոշումը դժգոհություններ առաջացրեց ատամնաբույժների շրջանում: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը NEWS.am-ին ներկայացրել է, թե ի՞նչ հաշվարկներ եւ մոտեցումներ են ընկած ատամնաբույժների հարկման դրույքաչափերի հիմքում:

Պարոն Գաբրիելյան, ի՞նչ հաշվարկներ են ընկած ատամնաբույժների համար սահմանված արտոնագրային նոր 

վճարի  հիմքում: 

Իրական պատկերը ստանալու համար ՊԵԿ-ի կողմից հետազոտվել են մոտ 2 տասնյակ ատամնաբուժարաններ, թե փաստաթղթային, թե օպերատիվ մեթոդներով: Միջինում ունեցել են 5-6 բազկաթոռ, 9 բժիշկ-ստոմատոլոգ, 2 բուժքույր, 2 ատամնատեխնիկ, 1-2 վարչական աշխատող: Մասնագետները պնդում են, որ ատամնատեխնիկներն ավելի շատ պետք է լինեն, բայց փաստացի գրանցվածներն այդքան են:

Ուսումնասիրած բոլոր ընկերություններում շահութաբերության մակարդակը կազմել է 2-5%, իսկ աշխատավարձը՝ 37-72 հազ. դրամ: Բոլորին հասկանալի է, որ հաշվետվություններում արտացոլված այս ցուցանիշները շուկայական իրավիճակի հետ կապ չունեն:

Ատամնաբուժարանները, ըստ այդ հետազոտությունների, աշխատել են 2 եղանակով։ Առաջին եղանակ՝ ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ատամնաբույժի հետ աշխատում է օրավարձով՝ յուրաքանչյուր բժշկից ստանալով օրական 15-20 հազ. Դրամ եկամուտ: Պարտավորությունները բաժանում են հետեւյալ կերպ. Բժիշկը ինքն է հոգում իրեն անհրաժեշտ բժշկական նյութերի ծախսը, իսկ կազմակերպիչը փակում է հարկերն ու կոմունալ ծախսերը: Այդկերպ՝ յուրաքանչյուր բազկաթոռից պետությանը վճարում են 3-9 հազ. դրամ, կամ օրական՝ 130-350 դրամ:

Ստացվում է՝ կազմակերպիչը բժշկից օրական վերցնում է միջինը 17,5 հազ. դրամ, պետությանը վճարում՝ միջինը 240 դրամ, կամ 0,13%:

Երկրորդ եղանակ. Ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգից ամսական վարձավճար է վերցնում՝ 200-350 հազ. դրամ (միջինը՝ 275 հազ. դրամ): Այս դեպքում՝ամսական վերցնում են 275 հազ. դրամ, սակայն պետությանը վճարում են 4200 դրամ շահութահարկ (1,5%):

Այսպիսով՝ մենք վճարի չափը սահմանել ենք փաստացի գործող ֆինանսական սխեմաներին համապատասխան։ Եթե խնդրին ընդհանուր նայենք՝ ապա արտոնագրային հարկման ծանրությունը ոչ թե բժշկի վրա է, այլ՝ կլինիկայի տիրոջ: Մենք չենք կարող ելնել այն դրույթից,

որ ատամնաբուժարաններում շահութաբերության մակարդակն էականորեն ավելի ցածր է, քան ՓՄՁ այլ ճյուղերում: ՊԵԿ-ն ուսումնասիրությունները դեռ շարունակում է, եւ ավարտից հետո կունենանք առավել հստակ պատկեր:

Այնուամենայնիվ՝ վճարի չափի բարձրացումը բավական կտրուկ էր:

Մենք ընդունում ենք, որ բարձրացումը շեշտակի էր, սակայն նաեւ շատ կարեւոր է, թե ինչպես է հարկային ծանրաբեռնվածությունը բաշխվում տարբեր ոլորտների միջեւ: Այլ ոլորտների հետհամեմատ՝ ավելի բարձր հարկային բեռ չենք դնում ատամնաբուժարանների վրա:

Թերեւս կան խնդիրներ օրենքի մեկնաբանության հետ կապված, որ բարձրացվել են առողջապահության նախարարության եւ ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից։ Դա վերաբերում է ռենտգենին, ատամնատեխնիկական ծառայություններ մատուցողներին: Հիմա դա քննարկում ենք եւ աշխատում ենք, որ լրացուցիչ բեռ չառաջանա, եւ կարողանան բնականոն գործունեություն ձեւավորել:

Քանի որ ատամնաբույժները շատ են, բնականաբար, մի մասը թերբեռնված է աշխատում: Դուք նշեցիք  միջինացված  թվեր, բայց կա հատված, որ միջինից ցածր եկամուտներ է ստանում: Արդյոք նրանք իսկապես  փակվելու վտանգի ներքո  չե՞ն:

Այդ հարցը պետք է քննարկել առողջապահության նախարարության հետ՝ լիցենզավորման ընդհանուր համատեքստում: Ատամնաբույժների քանակով (100 հազ. Բնակչի հաշվով) Հայաստանն առաջատար է համաշխարհային մասշտաբով, ոչ միայն տարածաշրջանում: Որքանո՞վ ճիշտ է հարկային ռեժիմը սահմանել տեխնիկապես ամենաթույլ հագեցած ատամնաբույժի վիճակից ելնելով: Միշտ էլ եւ ամենուրեք միջինացված տվյալներ են օգտագործվում: Ատամնաբուժությունը Հայաստանի կամ որեւէ այլ երկրի համար ռազմավարական ոլորտ չէ, եթե այս կամ այն ատամնաբուժարանը մրցակցությանը չի դիմանում, ապա դրան պետք է նայել զուտ շուկայի կոնյուկտուրայի տեսանկյունից:

Կան ատամնաբուժարաններ, որտեղ այս կամ այն պատճառով ինչ-որ բազկաթոռ ժամանակավորապես չի  օգտագործվում։  Արդյոք դրա համար էլ պե՞տք է հարկ վճարվի:

Այդ խնդիրն առկա է արտոնագրային վճարների համար ընդհանրապես: Արտոնագրային վճարի ռեժիմը հետեւյալն է, եթե կա ռեսուրս, պետք է արդյունավետ օգտագործել:

Դա արտոնագրային վճարների եւ թերությունն է, եւ առավելությունը: Թերությունն այն է, որ տնտեսվարողի գործունեությունը հաշվի չի առնում, իսկ առավելությունն այն է, որ հարկման հիմքում դնում է անվիճարկելի մեծություններ: Որտեղ ունենք հարկման պարզեցված անվիճարկելի մեծություններ, որոշակի անարդարացիության դաշտ է ստեղծվում։ Ցավոք սրտի՝արտոնագրային վճարներն ունեն այդ հայտանիշը: Բայց մյուս կողմից՝ հարկային մարմնի հետ հարաբերությունները շատ ավելի հստակեն, շփումներն ու ճնշումները հասցվում են նվազագույնի:

Ի՞նչ ուղերձ կհղեիք ատամնաբույժներին։

Մենք հիմա էլ աշխատում ենք, որ հասկանանք իրենց բարձրացրած հարցերը ծառայությունների ողջ փնջի մասին: Այսինքն՝ռենտգենը, ատամնատեխնիկական ծառայությունը ինչպես ենք հաշվարկելու, ինչ նորմաներ ենք կիրառելու։ Դաշտը ամբողջովին պետք է պարզաբանենք, որից հետո մարդկանց համար ավելի հեշտ կլինի աշխատել:

Եթե գների բարձրացում լինի, ինչպե՞ս  եք այն կանխելու:

Եթե գները բարձրացնեն՝ հավանական է, որ դա լինի համաձայնության հետեւանքով, ու այդ ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է իր գործառույթն իրականացնի՝ ընդդեմ անհիմն բարձրացումների։

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը