Թունիսում շարունակվում են հայտնի ընդդիմադիր Չոկրա Բելայիդի սպանությունից հետո սկսված խռովությունները։ Մայրաքաղաքում ցուցարարների ամբոխը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա։ Բողոքողներին հաջողվել է ներխուժել եւ հրդեհել այն։
Անհանգիստ է նաեւ այլ քաղաքներում։ Արդեն երկրորդ օրն է՝ զանգվածային անկարգությունները չեն հանդարտվում Գաֆսայում։ Ոստիկանները ակտիվիստներին ցրում են արցունքաբեր գազով, հաղորդում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ Չոկրա Բելայիդին կրակել էին հենց փողոցում։ Բողոքողները քաղաքական գործչի մահվան համար մեղադրել էին ներկայիս իշխանություններին եւ նոր հեղափոխության կոչ էին արել։ Թունիսի վարչապետը որոշել էր ցրել գործող կառավարությունը եւ տեխնիկական կաբինետ ձեւավորել։ Իշխող իսլամիստական շարժումը մերժել է այդ գաղափարը։
Երկրի իշխանությունները վախով են սպասում սպանված քաղաքական գործչի հուղարկավորության օրվան՝ փետրվարի 8-ին։ Բացի դրանից, Թունիսի գլխավոր արհմիությունը վճռել է այսօր համընդհանուր գործադուլ անցկացնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նոր զանգվածային անկարգությունների սպառնալիքի կապակցությամբ Թունիսում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է փետրվարի 8-9-ը երկրում ֆրանսիական դպրոցների փակման մասին։ Համալսարաններում նման միջոցներ է ձեռնարկել նաեւ տեղի կրթության նախարարությունը։




























