Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին։ Կասկած չկա, որ նրա համակիրները այս որոշումն ընդունելու են որպես քաղաքական իմաստնության եւ հեռատեսության հերթական դրսեւորում՝ փորձելով գտնել բացատրություններ, թե ինչպես է այդ կուսակցությունը ծվեն-ծվեն անելու ավազակապետությունը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Իրականում սա ավելի շատ կարելի է համարել «կապիտուլյացիոն» ակտ, ընդ որում՝ ոչ իշխանությունից կրած պարտության։ Սա նույնիսկ կարեւոր էլ չէ։ ՀԱԿ-ի կուսակցականացումը, որը, ըստ էության, դե ֆակտո վաղուց արդեն իրականություն է եւ ընդամենը ամրագրվելու է դե յուրե, ինչ-որ առումով «ինքնակապիտուլյացիայի» պես մի բան է։ ՀԱԿ առաջնորդն ու նրա համակիրները դրանով խոստովանում են, որ տապալել են այն արժեքներն ու գաղափարները, որոնք դրված էին 2008թ. ժողովրդական շարժման հիմքում, եւ որոնց ինքնակապիտուցիոնալացումը պետք է լիներ ՀԱԿ-ը ընտրություններից հետո։

ՀԱԿ-ն աստիճանաբար ձուլվեց Հայաստանում 20 տարի իշխող քաղաքական համակարգին, դարձավ նրա հոգեհարազատ մասերից մեկը՝ քաղաքացիական բաղադրիչը մղվեց երկրորդ պլան...

Կուսակցության կազմավորումն ընդամենն արձանագրելու է արժեքային այս կապիտուլյացիան նախեւառաջ հասարակության հանդեպ։Ընդհանուր առմամբ, այստեղ, իհարկե, ոչ մի արտառոց բան չկա։ Հետաքրքրականն ընդամենը այն է, թե ովքեր են ստորագրելու այս «ակտը»։

Ամենահետաքրքիրն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի պարագան է։ Վերջերս նա հանդես եկավ քաղաքացիական պայմանագրի նախագծով, ինչը  երեւի թե հիմք է ենթադրելու, որ ՀԱԿ-ի կուսակցականացման կողմնակից չէ։ Նիկոլը դեմ էր նաեւ ՀԱԿ-ից դուրս գալուն։ Սակայն ՀԱԿ-ը ներկայումս գնում է մի ճանապարհով, որը շատ դժվար երկընտրանքի առաջ է կանգնեցնում նրան եւ, ըստ էության, թողնում ՀԱԿ-ից դուրս։ Չի բացառվում նաեւ, որ Նիկոլը, լավատեղյակ լինելով այս հեռանկարին, շտապեց ինքը կատարել առաջին քայն ու հանդես գալ քաղաքացիական պայմանագրով՝ մինչ Տեր-Պետրոսյանը կհայտարարեր կուսակցականացման մասին»,- գրում է «Ժամանակը»։