«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը իր մի քանի համակիրների հետ անցկացրել է ԿԸՀ-ի առջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Հարությունյանը նշեց, որ իրեն լավ է զգում, ինքնազգացողությունը նորմալ է եւ որեւէ խնդիր չի առաջացել: Նա տեղեկացրեց, որ չսառելու համար գիշերը ավելի քան 6-7 ժամ քայլել է տարածքում, զրուցել իրեն այցելած քաղաքացիների հետ:
Նախագահի թեկնածուն նշեց, որ տարբեր քաղաքացիներ են այցելել իրեն, լավ խոսքեր են ասել: Քաղաքական գործիչներից երեկ նրան այցելել է Ազգային ժողովրդավարների դաշինքի ղեկավար Արշակ Սադոյանը, տեսել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանին: Հացադուլի միջոցով Արամ Հարությունյանը նախագահի թեկնածուներին հորդորում էր հանել իրենց թեկնածությունը եւ Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնել միայնակ: Իր այդ առաջարկի մասին նա բազմիցս հայտարարել է, սակայն դեռեւս ոչ ոք չի միացել:
Արամ Հարությունյանը նշեց, որ այդ առումով նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի, Արման Մելիքյանի հետ հույս է կապում, սակայն, օրինակ, Արման Մելիքյանն ամուր է կանգնած թեկնածությունը չհանելու իր որոշման վրա: Արամ Հարությունյանի խոսքով` Անդրիաս Ղուկասյանի համար լավագույն լուծումը կլիներ հանել իր թեկնածությունը:
Այսօր եւս Արամ Հարությունյանը կանցկացնի ԿԸՀ-ի առաջ, իսկ 17.00-ին իր թեկնածությունը հանելու դիմում կներկայացնի ԿԸՀ: Մեր հարցին, թե 2018թ նախագահական ընտրություններին եւս առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, Արամ Հարությունյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, հնարավոր է` նաեւ նախագահական:
Փետրվարի 18-ին նախագահի թեկնածուն չի գնալու քվեարկության եւ կոչ է անելու իր համակիրներին եւս չգնալ քվեարկության, այդ օրը նա նշելու է իր տարեդարձը: Իսկ թե որտեղ կլինի նա փետրվարի 18-ից հետո եւ ինչ պայքար է վարելու, Արամ Հարությունյանը նշեց, որ կսպասի, տեսնի, թե ինչպես են քվեաթերթիկում մնացածները կակազում, հետո նոր ինքը կխոսի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























