Ընթացիկ տարվա հունվարն աչքի է ընկել բավականին համեստ գնաճով: Սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 102,6%: Նման ցուցանիշը մոտ է գնաճի եվրոպական ստանդարտին: Պարենամթերքի մասով գնաճն ավելի ցածր մակարդակի վրա է` 1,6%:

Իսկ ահա հագուստի եւ կոշկեղենի մասով միջին գներն աճել են զգալի` 4,7%-ով:  Ռեկորդը պատկանում է բժշկական ծառայություններին եւ դեղորայքին` 8,2%:

Դիտարկենք տարվա ընթացում մայրաքաղաքում միջին մանրածախ գների  դինամիկան: Սկզբից նշենք կարեւոր մթերքի` հացի գնի աճը 8,6%-ով: Երկնիշ թվով աճել են մակարոնեղենի գները` 10,3%-14,0%: Նույնքան կտրուկ թանակցել է հավի միսը` 11,6%-ով: Հաճելի բացառություն է տավարի միսը, որի միջին գինը  մայրաքաղաքում տարվա ընթացքում նվազել է  1,6%-ով: Միաժամանակ խոզի մսի գինն աճել է 4,4%-ով:

Թանկացած ապրանքների ցուցակը կարելի է շարունակել: Սակայն փորձենք հասկանալ,  թե ինչպես են գներն անշեղորեն աճում,  ընդ որում` հաճախ համաշխարհային միտումներին հակառակ: Ժամանակին մանրածախ առեւտրի մասնագետը բացատրում էր ոչ մեծ խանութների սեփականատերերի կողմից կիրառվող հնարքը. նրանք, առանց աղմուկի,  ինչ-որ ապրանքի գին բարձրացնում էին 5-10  դրամով:  Ներկայումս սուպերմարկետները զգալի դեր ունեն մայրաքաղաքում առեւտրաշրջանառության մեջ եւ շատ լավ հնարավորություն ունեն գներ թելադրելու:

Ի պատասխան ստոմատոլոգիական ծառայությունների թանկացման վերաբերյալ մտավախությունների մասին հարցի` վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել էր, որ գների անհիմն աճի դեպքում  համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Սակայն  մեր իրականությունը բազմիցս ցույց է տվել, որ մեզ մոտ գներն ու սակագները պետության կողմից գրեթե չեն կարգավորվում:

Կոսմետիկ միջոցառումները, որը ցուցադրում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, բավարար չեն  գների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Ուստի, պետական գերատեսչության նման անկարողությունը  հարուցում է  քաղաքացիների մտահոգությունը: Չէ որ կարող է թանկանալ ծառայությունը, որից դժվար է հրաժարվել...

Ալբերտ Խաչատրյան