Փետրվարի 9-ը աշխարհում նշվում է որպես ատամնաբույժների միջազգային օր: Այդ օրը նաեւ սբ. Ապոլոնիայի օրն է, ով ատամի ցավից տառապողների հովանավորն է: Ապոլոնիան Ալեքսանդրիա քաղաքի մի կարեւոր պաշտոնյայի աղջիկ է եղել, ով հավատացել է Քրիստոսին: Քաղաքի հեթանոս իշխանությունները Ապոլոնիային դաժան կտտանքների ենթարկեցին: Ապոլոնիան խնդրեց արձակել իր ձեռքի կապանքները եւ ինքնակամ նետվեց խարույկի մեջ: Դա 249 թվականի փետրվարի 9-ն էր: 300 թվականին Ապոլոնիային դասեցին սրբերի շարքը: մարդիկ սկսեցին հավատալ, որ եթե Ապոլոնիայի անունը տրվի՝ ատամի ցավը կանցնի:
Գիտական ստոմատոլոգիայի հիմքերը 18-րդ դարում դրել է ֆրանսիացի ատամնաբույժ Պիեռ Ֆոշարը՝ ատամների հեռացման փոխարեն առաջարկելով բուժել դրանք: Հայաստանը միշտ էլ ունեցել է լավ ատամնաբույժներ, որոնք ամենուրեք պահանջարկված են: Սակայն ոլորտում վերջին տարիներին նկատվում են նաեւ մտահոգիչ միտումներ: Ոլորտը չափից ավելի առեւտրայնացվել է, իսկ ատամնաբույժների թիվն աճում է չափից ավելի արագ: Նման գերաճն անխուսափելիորեն անդրադարձել է ատամնաբուժական ծառայությունների որակի վրա, ընդ որում՝ հաճախորդների իրավունքներն անորակ ծառայությունների դեպքում գործնականում պաշտպանված չեն;
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում 2012 թ. դրությամբ կան 2115 ատամնաբույժներ: Ընդ որում՝ 2007 թ. համեմատ ատամնաբույժների քանակը աճել է 1.7 անգամ՝ 2007 թ. կային միայն 1220 ատամնաբույժներ: Իսկ 2004 թ. ատամնաբույժների թիվը չէր անցնում նույնիսկ 1000-ը:
Ստացվում է, որ ոլորտը 2004 թ. հետո տարեկան համալրվում է մոտ 170 ատամնաբույժով, ինչն ակնհայտորեն գերազանցում է պահանջարկին: Առողջապահության ոլորտում բժիշկների նման գերաճ որեւէ այլ ուղղությամբ չկա: Արդյունքում՝ ատամնաբույժների թիվը ներկայումս գերազանցում է վիաբույժների եւ մանկաբույժների թվին (վերջիններիս թիվը նույնիսկ նվազել է), եւ զիջում է միայն թերապեւտներին;
Նշենք, որ Մ.Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի համակարգում ներկայում սովորում է 885 ուսանող: Նրանք սովորում են 6 տարի, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ 1-3 տարի; Ստացվում է՝ միայն բժշկական համալսարանը տարեկան 145 շրջանավարտ ունի, թեեւ հնարավոր է՝ դրանց մի մասն օտարերկրացիներ են:
Հայաստանում 10 հազ. բնակչին ներկայում բաժին է ընկնում 6.5 ատամնաբույժ, 2004 թ.՝ 2.9-ի համեմատ: Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է ոլորտի առաջատար Ավստրալիային, որտեղ 10 հազ. բնակչին բաժին է ընկնում 6.3 ատամնաբույժ:
Ատամի բուժման արժեքը Հայաստանում համընկնում է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում գործող գներին: Օրինակ՝ մեկ պլոմբը մեզ մոտ արժե 5-15 հազ. դրամ, այնինչ Անգլիայում՝ 235 դոլար: Սակայն Հունգարիայում եւս մոտ 10 դոլար է, Ռուսաստանում՝ մի քիչ ավելի թանկ; Ընդհանրապես՝ ատամի բուժումը Արեւմտյան Եվրոպայում համարվում է շատ թանկ ծառայություն (ամենահասարակ պլոմբի արժեքը սկսում է 50 դոլարից): Հայաստանում ամենաթանկ պլոմբն արժե 40 դոլար, ու որոշ բժիշկներ համարյա եվրոպական որակ են ապահովում: Պատահական չէ, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները չեն զլանում ատամնացավի դեպքում անմիջապես դիմել տեղացի բժիշկներին, իսկ ավելի թանկ ծառայությունների համար հատուկ ժամանում են Հայաստան;
Հայաստանյան ատամնաբույժների մի մասը կարողանում է սեփական կլինիկա բացել, ինչը տարածված է նաեւ Եվրոպայում: Սակայն մեծ մասը ստիպված է բազկաթոռ վարձակալել այլոց կլինիկաներում, ինչն էլ հենց հարկային վճարների հարցում խառնաշփոթ է ստեղծել: «Վարձու բազկաթոռի» սկզբունքով աշխատող կլինիկաների սեփականատերերը գտնվում են գերշահույթների ոլորտում՝ վճարելով չնչին հարկեր: Հիմա մտավախություն կա, որ արտոնագրային նոր վճարները՝ ամսական 80 հազ. դրամ, կծանրանան ոչ թե կլինիկաների տերերի վրա, այլ բժիշկ ատամնաբույժների, որոնք ստիպված կլինեն բարձրացնել բուժման արժեքը: Ըստ երեւույթին՝ այս ոլորտի հարկային քաղաքականությունը հետագա հստակեցման կարիք ունի:
Սամվել Ավագյան





























