Կահիրեի դատարանը պահանջել է ինտերնետ պրովայդերին արգելափակել YouTube-ը`այնտեղ տարածված «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմի թրեյլերի պատճառով: Արգելափակումը մեկ ամսով է, այլ լրացուցիչ մանրամասնություններ Եգիպտոսի պետական լրատվամիջոցներում դատավճռի մասին չկա:
Գործի հայցվորը իրավաբան Համեդ Սալեմն է, ով նաեւ դատի է տվել մի քանի լրագրողների եւ հասարակական գործիչների, որոնց արտահայտությունները նա գնահատել է որպես հակաիսլամիստական, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:
Կահիրեի դատարանը հունվարին սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել այդ ֆիլմի հանդեպ. Դատավորները հաստատել են Եգիպտոսից հեռացած եւ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծմանը մասնակցած յոթ եգիպտացիների մահվան դատավճիռը:
2012 թվականաի ամռանն ԱՄՆ-ում նկարահանված եւ համացանցում տարածված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը մահմեդական աշխարհում հանգեցրել է զանգվածային անկարգությունների, այդ թվում նաեւ Եգիպտոսում ոստիկանության հետ երիտասարդության ընդհարմանը: Կահիրեում ամերիկյան դեսպանատան առաջ չորս օր տեւած ընդհարումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել են, հայտնում է NEWSru.com-ը:





























