Ռուսաստանի լրատվամիջոցները փորձել են պարզել փետրվարի 9-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում մահմեդականների դեմ կազմակերպված շուրջկալների պատճառները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով ձերբակալվել է 271 մարդ, «այդ թվում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաեւ Եգիպտոսի եւ Աֆղանստանի քաղաքացիներ»:  Լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնել են 700 ձերբակալվածների մասին: Փետրվարի 10-ին ներգաղթի իշխանությունները սկսել են նրանց  արտաքսումը:

Պաշտոնական առիթ է հանդիսացել ահաբեկչության դիմելու հրապարակային կոչերի եւ ատելություն կամ թշնամանք առաջացնելու վերաբերյալ քրեական գործի հետաքննությունը: Քննիչները, ոստիկաններն ու ԱԴԾ աշխատակիցները փնտրել են նրանց, ովքեր համացանցում տեղադրել են «ծայրահեղական բովադակություն ունեցող գրականություն եւ ահաբեկչական ակտերի տեսանյութեր»: Միաժամանակ փնտրել են զենք եւ թմրանյութեր:

Ըստ  «Նեզավիսիմայա գազետա»-ի, շուրջկալի տեղը պատահական չի ընտրվել` պատմական Ապրակսին շուկայի տարածքը` 12 հեկտար տարածությամբ, դարձել է հազարավոր մաքսանենգների եւ քրեական տարրերի ապաստարան: Այնտեղից կարելի է գնել ամեն ինչ` նույնիսկ զենք եւ զինամթերք:

Պարբերականը հայտնել է, որ շատերն այդ դեպքը կապում են ոչ թե ահաբեկչության վտանգի, այլ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող թանկարժեք հողերի շուրջ ընթացող շահերի պայքարի հետ: Այսպես` «Գլավստրոյ ՍՊԲ» ընկերությունը Ապրակսինը մաքսանենգների ապաստարանից պետք է վերածեր «հատուկ հարմարությունների գոտու», բայց փետրվարի 7-ին կառավարությունը հայտնել է, որ չի երկարացնի ներդրումային պայմանագիրը:

Կա շուրջկալի մեկ այլ`ոչ տնտեսական վարկած: Հունվարի վերջին Պետերբուրգի մահմեդականների Հոգեւոր վարչության եւ Ռուսաստանի հյուսիսարեւելյան մահմեդականների  Կենտրոնական հոգեւոր վարչության նախագահ Ռավիլ Պոնչաեւը հանդիպել է դաշնային այդ տարածաշրջանում նախագահի լիազոր ներկայացուցչի` Նիկոլայ Վինիչենկոյի հետ եւ նրա ուշադրությունը հրավիրել այնտեղ արմատական բնույթի  կազմակերպությունների գործունեության վրա: Պոնչաեւը լիազոր ներկայացուցչին մատնանշել է, որ այդպիսի ակտիվիստների մեջ, իբր, գտնվել են մարդիկ, որոնք պատրաստություն են անցել Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում, որտեղ ուժեղ է «Մահմեդական եղբայրների» ազդեցությունը:

«Կոմերսանտը» պատմել է Ապրակսինում իրականացված գործողությունների ընթացքը: Ուժայինները շղթայել են ողջ թաղամասը, թեեւ նրանց նպատակը աղոթքի սենյակն է եղել, որը տեղակայված է շենքերից մեկի երրորդ հարկում:

Աղոթողներին առաջարկել են մեկ-մեկ դուրս գալ, որից հետո նրանց տեղավորել են ավտոբուսներում: Տասը մարդ առանց փաստաթղթերի է եղել, իսկ վեց հոգի` արդեն արտաքսման ենթակա: ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը տվել է միայն մեկի` 1988 թվականին ծնված, քաղաքում առանց գրանցման ապրող Մուրադ Սարբաշաեւի անունը, ով կասկածվում էր 2010 թվականի հոկտեմբերից  2011 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում համացանցում ծայրահեղական բովանդակությամբ գրականության եւ տեսանյութեր տեղադրելու մեջ:

Ինչպես նշել է «Կոմերսանտը»` Սարբաշաեւը համացանցում հայտնի է Ալահի Սուր մականունով: Բացի նրանից, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ուժայինները կենտրոնացել էին նաեւ մի քանի «շրջագայող քարոզիչների» ձերբակալման վրա, ովքեր վերջին ժամանակներս ավելի հաճախ են հայտնվել Պետերբուրգում, ինչպես նաեւ օպերատիվ տեղեկությունների համաձայն` փորձել են կազմակերպել ահաբեկիչների համար նախատեսված արտասահմանյան ` հիմնականում արաբական մարզումային ճամբարներում մարդկանց հավաքարումը: Բայց գործողության այդ մասի արդյունքների մասին ուժայինները հրաժարվել են խոսել: