Հայաստանում խուլիգանության դեպքերը չեն նվազել, սակայն վիճակագրությունը չգիտես ինչու հակառակի մասին է վկայում:  Այս մասին հայտարարվեց փետրվարի 12-ին Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում:

Անցած տարի հանրապետությունում արձանագրվել է խուլիգանության 189 դեպք` նախորդ տարվա  481-ի դիմաց: Զուգահեռաբար 30%-ով կրճատվել է զենքի կիրառմամբ խուլիգանական դեպքերի թիվը:

Նման վիճակագրության հետ գլխավոր դատախազությունում համաձայն չեն: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Երեւանում կան շրջաններ, որտեղ ընդամենը խուլիգանության 1-2 դեպք է արձանագրվել:  «Ես դրան պարզապես չեմ հավատում»,-ընդծեց Ա. Հովսեփյանը:

Դատախազությունում համոզված են, որ նման վիճակագրությունը սխալ հաշավարկի արդյունք է: Նման կտրուկ «նվազումը» պայմանավորված է Շ. Հախվերդյանի գործով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ: Միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու դեպքում, երբ տուժածը չի բողոքում, գործը կարճվում է : «Սակայն անհրաժեշտ է  հաշվի առնել մեկ հանգամանք` վտանգը, որը նշված գործողությունները ներկայացնում են շրջապատի համար»,-ասաց Ա. Հովսեփյանը: