Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը հաշվապահ չէ, որ առավոտյան 9.00-ից մինչեւ 18.00-ն իր աշխատասենյակում նստի եւ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հայկազ Խաչիկյանը: «Շատ կներեք, իմ աշխատանքը չպլանավորված աշխատանք է: Ես հաշվապահ չեմ, որ առավոտյան 9.00-ից մինչեւ 18.00-ն այստեղ նստեմ: Ու պարտավոր էլ չեմ Րաֆֆի Հովհանիսյանին ընդունել»,-ասաց նա:
Հարցին, թե եթե տեղում լիներ, կընդունե՞ր Րաֆֆի հովհաննիսյանին, նա արձագանքեց. «Որ տեղում լինեի, այդ ժամանակ պարզ կլիներ կընդունեի, թե` ոչ»:
Վերջինս լսելով հարցը, թե իր քայլում քաղաքական ենթատեքստ կա՞, անմիջապես անջատեց հեռախոսը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը չի հանդիպել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով այնտեղ էր մեկնել նախընտրական քարոզարշավի համար: Հայ-վրացական սահմանանին կից, ոչ մեծ լեռնային Ախթալա քաղաքում Հովհաննիսյանը շրջել է փողոցներով` ողջունել եւ զրուցել բնակիչների հետ: Քաղաքապետարան մտնելով եւ աշխատակիցներին ողջունելով` Հովհաննիսյանը բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ, նրա խոսքսով` քաղաքապետի դուռ փակ է եղել: Նշենք, որ տեղի ինքնակառավարման մարմինները Հովհաննիսյանի հետ թեկուզ, որպես կանոն, հանպատրաստից հանդիպումից չեն հրաժարվել: Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ, թեկուզ առանց ընդգծված ջերմության, սակայն ընդունել են Դիլիջանի քաղաքապետն ու մարզպետը:





























