«Հայկական հեռուստաեթերի բարեփոխման նախաձեռնությունը բխում է այն մտահոգությունից, թե ինչ արժեհամակարգ է պետք մտցնել հասարակության մեջ, որպեսզի քրեական տարրերը չդառնան հերոսներ։ Սա հայ մտավորականի մտահոգությունից բխող նախաձեռնություն է՝ մի փոքր ուշացած: Մեր նախաձեռնությունը թիրախ չունի, մեր խնդիրը եթերի բովանդակությունն է, որը կրել է տոտալ բնույթ եւ հասել ծայրահեղ ցածր մակարդակի: Արդեն բավական է, որ վերջին կաթիլը դուրս հորդի»,- փետրվարի 10-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայկ Դեմոյանը:
Նա նշել է, որ իրենք ոչ թե շարժվում են հեռուստաընկերություն փակելու սկզբունքով, այլ մտահոգված են, որ հայկական հեռուստաեթերը լցվի որակյալ հաղորդումներով։
Իսկ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը առաջարկեց փոփոխությունները սկսել կադրերից. «Եկեք մտածենք այն մասին, որ թափոնով լցված են մեր հեռուստաընկերությունները, մշակույթի ոլորտը, ամեն մի ազգ ունի որոշակի թափոն, որը ցինիզմ է ներկայացնում, անբարոյականություն, ցավոք սրտի, մեր հեռուստակայանների աշխատակազմի 90 տոկոսը այդ կարգի մարդկանցով է լցված»:
Հատկանշական է, որ եթերի բովանդակության փոփոխությունները աշխուժություն մտցրեցին ուսանողության մեջ։ Նրանք իրենց առաջարկներն ու դիտողությունները ներկայացրեցին մայրենի լեզվի աղավաղումների եւ գովազդների բովանդակության վերաբերյալ։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում ուժի մեջ կմտնեն չափորոշիչները, ըստ որոնց հայկական հեռուստաալիքների ցերեկային եթերից պետք է հանվեն էրոտիկ բնույթի, բռնության, ու սարսափի տեսարաններ պարունակող բոլոր հաղորդումներն ու ֆիլմերը, որոնք կարող են ազդել անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա, բացասական ազդեցություն ունենալ նրանց դաստիարակության վրա։




























