Ադրբեջանական կողմը, օգտագործելով իր քաղաքական զինանոցը, փորձել է քաղաքական ճնշումներ գործադրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի (ԵՕԻ) կառավարման խորհրդի անդամների վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Օմբուդսմենի հաստատությանը ԵՕԻ-ի անդամակցությունից զրկելու նպատակով: Այդ մասին ասված է ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանական կողմի մոտեցումները հասնում են աբսուրդի աստիճանի։ Բարոյականության բոլոր նորմերը խախտված են», փետրվարի 10-ին հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի օմբուդսմեն Սուլեյմանովայի քայլերը։ Ըստ, Հարությունյանի, ադրբեջանցու հարձակումները տվել են հակառակ էֆեկտը՝ ԵՕԻ-ում սկսվել են չճանաչված հանրապետությունների օմբուդսմեններին կազմակերպության մեջ ընդգրկելու քննարկումները, քանզի մարդու իրավունքները վեր են քաղաքական շահերից։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել էր, որ հայկական կողմի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդամագրվել է Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտին (ԵՕԻ), չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի՝ իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը եւ փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմենի հաստատության լեգիտիմությունը: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքել էր ադրբեջանական կողմի ստահոդ հայտարարությունները:
Պարզվել է, սակայն, որ ադրբեջանական կողմը, օգտագործելով իր քաղաքական զինանոցը, փորձել է քաղաքական ճնշումներ գործադրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի (ԵՕԻ) կառավարման խորհրդի անդամների վրա դեսպանատների միջոցով: Ավելին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Օմբուդսմենի հասատատության ԵՕԻ-ի անդամակցությունից զրկելու նպատակով ադրբեջանական կողմը փորձել է ներգրավել նաեւ Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներին:




























