Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նիզամ Ալեքփերովին՝ 2013թ. հունվարի վերջին Ալիեւների կլանի ավտորիտար վարչակարգի դեմ ապստամբած Իսմայիլի շրջանի ղեկավարին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Թափուր տեղում նշանակվել է Ադրբեջանի պետական ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Միրդամեդ Սադիգովը, հայտնում է Trend-ը:

Հիշեցնենք, որ Իսմայիլիում զանգվածային անկարգություններն սկսվել էին  հունվարի 24-ի գիշերը, որոնց պատճառ էր դարձել վթարի ենթարկված վարորդի ամբարտավան պահվածքը: Ըստ պաշտոնական վարկածի` բողոքի ցույցերն իր պահվածքով հրահրել էր տեղի «Չիրագ» հյուրանոցի տնօրեն եւ Բաքու քաղաքի բնակիչ Էմիլ Շամսադինովը: Ըստ ոչ պաշտոնական վարկածի` սկանդալի մեղավորը շրջանի ղեկավարի ազգական եւ աշխատանքի նախարարի որդի Վուգար Ալեքփերովն էր եղել («Չիրագ» հյուրանոցը պատկանում է Ալեքփերովների ընտանիքին):

Խռովություններին մասնակցել էին մի քանի հազար մարդ: Նրանք այրել էին «Չիրագ» հյուրանոցը եւ ցանկացել հրդեհել շրջանի ղեկավարի տունը: Այրվել էին նաեւ մերձակայքում գտնվող մեքենաները:  Հավաքվածները պահանջել էին շրջանի ղեկավարի հրաժարականը: Կարգուկանոն հաստատելու նպատակով գործի էին դրվել ոստիկանության եւ  ներքին զորքերի ուժերը:

Ավելի ուշ Իսմայիլիում անկարգությունների հրահրման մեղադրանքով ձերբակալվել էին երկու ընդդիմադիր` REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը եւ «Մուսավաթ» կուսակցության նախագահի տեղակալ Տոֆիգ Յագուբլուն: