Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հարաբերությունները «համապատասխանում են առկա իրողություններին»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ «Chatham House»-ում ունեցած ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մենք հաճախ հանդիպում ենք, շփվում, բայց դժվար է մեկմեկու սիրալիրություններ ասել, երբ մեր ժողովուրդների միջեւ նման խնդիր կա»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ նրանք հանդիպել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում, այս տարվա հունվարին:
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում Փետրվարի 9-ից:




























