Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայեցակարգում շարադրված են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացվի նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ։ Հարկ է նաեւ հրավիրել քաղաքացիների ուշադրությունը եւ պարզաբանել, որ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային եւ կոշտ դիրքորոշում։




























