Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների բովանդակությունը ենթակա չէ փոփոխությունների: Այդ մասին, ինչպես հաղորդում է TRT-ն, փետրվարի 11-ին Հնդկաստանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Թուրքիայի նախագահը պարզաբանումներ է տվել իր հայ գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձի վերաբերյալ, համաձայն որի Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրությունների դիտարկումը չի հակասում արձանագրությունների ոգուն: «Բովանդակության կամ որեւէ դրույթի փոփոխումն անթույլատրելի է»,- հայտարարել է Գյուլը:
Պատասխանելով երկրի ներսում առկա խնդիրներին վերաբերող հարցին, Գյուլը նկատել է. «Անհնար է ինչ-որ բանի հասնել ահաբեկչության միջոցով: Մեր երկրում առկա խնդիրներն ուրիշինը չեն, այլ մերն են: Մեր պետության բոլոր քաղաքացիները իրավահավասար են: Մենք պետք է բանավեճ անցկացնենք եւ, այդ կերպ, լուծենք բոլոր հարցերը»:




























