Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից ոմն Զեյնալով իր առջեւ խնդիր է դրել մեկնաբանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը: Ըստ այդմ` «քննադատության չի դիմանում» Հայաստանի նախագահի այն ընդգծումը, որ ղարաբաղյան շարժումը ստալինյան բռնատիրության տարիներին ոտնահարված պատմական արդարությունը վերականգնելու նպատակ ուներ, քանի որ «գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթային վկայություններ ցարական Ռուսաստանի կողմից 18-19-րդ դարերում Հարավային Կովկաս, այդ թվում եւ վերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան հայերի զանգվածային վերաբնակեցման մասին, ինչը թույլ է տվել ժամանակի ընթացքում այնտեղ կազմավորել հայ մեծամասնություն»:
Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցը պիտի գոնե իմանար, որ 18-րդ դարում, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, ցարական Ռուսաստանը չէր կարող Հարավային Կովկասում կազմակերպել «հայերի զանգվածային վերաբնակեցում», քանի որ Հարավային Կովկասը նշված ժամանակաշրջանում գտնվում էր Իրանի տիրապետության տակ: Զարմանալի է նաեւ, որ Զեյնալովը «հայտնագործել է» նոր տարածաշրջան` «վերին Լեռնային Ղարաբաղ»: Մինչ այդ ադրբեջանական կողմը մշտապես պնդում էր, որ գոյություն ունի «միասնական Ղարաբաղ, որը բաժանվում է հարթավայրային եւ լեռնային մասերի», բայց որ կա նաեւ «վերին Լեռնային Ղարաբաղ»` առաջին անգամ է շրջանառվում, այն էլ` ԱԳՆ աշխատակցի կողմից:
Իր «փաստարկը հիմնավորելու» համար Զեյնալովը վկայակոչում է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1978թ. կառուցված հուշարձանը, որն, իբր, կանգնեցվել է «ի պատիվ Լեռնային Ղարաբաղում հայերի վերաբնակեցման 150-ամյակի»:
Ճշտենք. նախ` այդ հուշարձանը կառուցվել է Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում, երկրորդ` այն չի խորհրդանշել «Լեռնային Ղարաբաղում հայերի վերաբնակեցումը», այլ` Մարաղա գյուղի հիմնադրումը: Եթե հուշարձանը խորհրդանշեր «Լեռնային Ղարաբաղում հայերի վերաբնակեցումը», ապա կկանգնեցվեր ոչ թե մի գյուղական հրապարակում, այլ` ինքնավար մարզի կենտրոն Ստեփանակերտում: Երրորդ` այդ հուշարձանը կառուցվել է բացառապես Մարաղա գյուղի միջոցներով եւ ունեցել է տեղական նշանակություն: Զեյնալովը շարունակում է եւ ասում, որ «90-ականներին այդ հուշարձանը հաջողությամբ ոչնչացրել են „պատմական հայկական հողերի“ համար պայքարի մարտիկները»: Սա արդեն ակնհայտ ցինիզմ է, որովհետեւ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը 1992թ. ապրիլի 10-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման զոհը, հիմնովին ավերվել եւ հրդեհվել: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ սպանվել է, տասնյակ ուրիշներ` պատանդ տարվել, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ: Եւ եթե Մարաղայում իրոք այդ հուշարձանը ոչնչացվել է, ապա դրա համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները: Լեռնային Ղարաբաղում ոչ ոք պատմական անցյալի հանդեպ բարդութավորված չէ եւ չի ժխտում, որ Մարաղա գյուղը հիմնադրվել է 1828թ.: Բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնությունը «եկվոր» է: Եթե հայությունը ԼՂ- ում «եկվոր» է, ապա բնիկն ո՞վ է: Եւ ու՞ր են այդ «բնիկի գոյության» հետքերը: Եկվորը բառիս ուղղակի իմաստով Շուշիի ինքնակոչ Փանահ խանն էր, որը «իր պատմական հայրենիքում» նույնիսկ գերեզմանի համար երկու արշին հող չուներ: Չունեցան նաեւ նրա հետնորդները: Չունեցան, որովհետեւ եկվոր էին: Եւ Ադրբեջանի Կենտգործկոմն ստիպված էր 1923թ. հուլիսի 7-ի դեկրետում հատուկ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում «հողը, անտառները, ջրերը պատկանում են դրանց ներկա տերերին»: Զեյնալովը պիտի իմանա, որ ինչպես խոր միջնադարում, այնպես էլ «խանական» եւ ցարական շրջանում հողի նկատմամբ սեփականությունը պատկանում էր ոչ թե եկվորներին, այլ` ավտոխտոն բնակչությանը:
Սույն «դիվանագետը», սակայն, ավելի է մեծացնում «ադրբեջանական կալվածքների» աշխարհագրությունը եւ ճամարտակում, թե «նույնիսկ Հայաստանի ներկա մայրաքաղաք Երեւանը` պատմական Իրեվանը, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ղեկավարության կողմից 1918թ. նույնպես նվեր է տրվել հայերին` որպես բարեկամական ակտ հարեւանների հանդեպ, ովքեր մայրաքաղաքի համար տեղ չունեին»:
Հետաքրքիր է իմանալ` այդ «ակտը» բանավո՞ր է արվել, թե՞ գրավոր, որտե՞ղ են պահվում Զեյնալովի ասածը հաստատող վավերաթղթերը, ինչու՞ չեն հրապարակվում դրանք: Կա՞ պատմության մեջ որեւէ նախադեպ, երբ մի երկիրը մյուսին «մայրաքաղաք նվիրած լինի», թե՞ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը միակն էր, որ «հանուն հարեւանների՝ իրեն զրկել է Երեւանի հանդեպ իրավազորությունից»:
Այս եւ նման հարցերը, սակայն, կարելի է ուղղել բանականության հետ գոնե առնչություն ունեցող որեւէ մեկին, բայց ոչ` զեյնալովներին: Նմաններին միայն պիտի ասել. «Եթե Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն ինքը մայրաքաղաքի համար տեղ էր որոնում ամբողջ Արեւելյան Անդրկովկասում եւ ի վերջո ստիպված էր ծվարել Գանձակում, ինչպե՞ս կարող էր Հայաստանին մայրաքաղաք նվիրել»: Իսկ եթե Զեյնալովը փորձի առարկել, ապա իր ոճով հարկ կլինի հիշեցնել նրան, որ Բաքվում 2008թ. բացվել է «թուրք ազատարար զինվորի հուշարձանը», ինչը մարմնավորում է պատմական իրողությունը` Ադրբեջանին մայրաքաղաք եւ առհասարակ պետական գոյություն պարգեւել է 1918թ. Արեւելյան Անդրկովկաս ներխուժած թուրքական էքսպեդիցիոն կորպուսը: Առանց այդ ագրեսիայի չէր կարող գոյանալ Ադրբեջան կոչվող պետությունը: Սա է իրողությունը: Մնացածը, ինչ ասում է Ադրբեջանի իշխանությունը եւ կրկնում են դրածոները, հակիրճ կարելի է անվանել՝ գովք հիմարության:
Վահրամ Աթանեսյան




























