Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը ուրանի հարստացման հնարավորությունների վերաբերյալ ավելի շուտ քաղաքական է, քան գիտական: Այդ մասին նախօրեին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը:
Նրա խոսքով, իրանական ատոմային ծրագիրը լուրջ խնդիրներ է ունեցել վերջին տարվա ընթացքում:
«Մենք չենք կարծում, որ նրանք այդ մակարդակի հարստացման հնարավորություն ունեն, ինչպես որ ասում են»,- հայտարարել է Գիբբսը:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է նաեւ, որ վերջին տարիներին Իրանի գործողություններն առավել են համախմբել միջազգային հանրությանը, քան ցանկացած այլ իրադարձություն:
Այս պարագայում, նրա խոսքով, Թեհրանը պարտավոր է թույլտվություն տալ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին հետազոտություններ անցկացնել իր ատոմային օբյեկտներում՝ «որ միջազգային հանրությանը համոզի իր մտադրությունների անկեղծության մեջ»:
Գիբբսը հայտարարել է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան՝ գումարած Գերմանիան, ներկայումս համաձայնեցրել են իրենց գործողություններն ու ծրագրերը՝ դեպի կոշտ պատժամիջոցներ հաջորդ քայլն անելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, թե Իրանն արդեն արտադրել է 20 տոկոսանոց հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Ավելին, նա հայտարարել էր, թե Իրանն ընդունակ է այն հարստացնել մինչեւ 80 տոկոս:




























