2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները մեկնարկել են փետրվարի 12-ին սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել Հայաստանի սահմանային անցակետեր` տեղերում ուսումնասիրելու առկա իրավիճակը եւ սահմանային անցակետերի արդիականացման առաջարկություններ ներկայացնելու:

Ընդգծելով Հայաստանի պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքները պետք է տարվեն երեք ուղղություններով. Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է մշակել եւ 2010-ի ընթացքում Անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարությունը: Պետք է մշակել սահմանային ենթակառուցվածքներն արդիականացնելու համալիր ծրագիր, որը կներառի Բավրայի, Բագրատաշենի, Մեղրու, Այրումի եւ Գոգավանի սահմանային անցակետերը, քանի որ դրանք ե’ւ տեխնիկական, ե’ւ ինստիտուցիոնալ առումով լուրջ վերազինման կարիք ունեն: Այդ անցակետերը պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ է մշակել նաեւ ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր, ինչը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից: