Ամերիկյան սպառողները համաշխարհային խոշորագույն Anheuser-Busch-InBev գարեջրի ընկերությանը մեղադրել են արտադրանքին ջուր ավելացնելու համար: Կոլեկտիվ հայցեր են ներկայացվել ամերիկյան միանգամից մի քանի նահանգներում, այդ թվում՝ Քալիֆորնիայում, Նյու Ջերսիում եւ Փենսիլվանիայում: Հայցվորներն ընկերությունից պահանջում են հինգ միլիոն դոլար: 

Նրանք պնդում են, որ տասը հայտնի ապրանքատեսակներում, այդ թվում նաեւ Budweiser գարեջրում, ալկոհոլի տոկոսը պիտակին նշվածից ավելի քիչ է: Փաստաբան Ջո Բոքսերը դա բացատրում է, որ Anheuser-Busch InBev-ի  ամերիկյան գործարաններում արտադրության վերջնական փուլում գարեջրին ջուր է ավելացվում:  Ըստ փաստաբանի` այդ տեղեկությունը հայտնել են գործարանի նախկին աշխատակիցները:

Բելգիայի Լեւեն քաղաքում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում բոլոր մեղադրանքներն անհիմն են անվանել, հայտնում է vesti.ru-ն: «Մեր գարեջուրը լիովին համապատասխանում է դրոշմավորման բոլոր օրենքներին: Մենք  հետեւում ենք գարեջրի արտադրության ամենաբարձր չափանիշներին, որը մեր արտադրությունն ամենավաճառվողն է դարձրել ԱՄՆ-ում եւ աշխարհում», - ասված է ընկերության փոխնախագահ Փիթեր Քրամերի հայտարարության մեջ: