«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը դիմել է Վրաստանի Մաքսային վարչության եկամուտների ծառայությանը՝ խնդրելով բացատրել, թե ինչի հիման վրա է սահմանափակվում հայալեզու տպագիր արտադրանքի ներմուծումը հանրապետություն:

Կազմակերպության հաղորդագրության մեջ, որ գտնվում է NEWS.am-ում, մասնավորապես նշվում է, որ արդեն ավանդույթ է դարձել, երբ Վրաստանի Մաքսային վարչության եկամուտների ծառայության աշխատակիցներն արգելում են Վրաստանի տարածք ներմուծել հայալեզու տպագիր արտադրանքը: Ըստ կազմակերպության՝ վարչության աշխատակիցներն այդ փաստը բացատրում են նրանով, որ Հայաստանից տպագիր գրականության ներմուծումն արգելված է Վրաստանի օրենսդրությամբ: «Սակայն մաքսային օրենսդրությունը չի նախատեսում համապատասխան իրավական դրույթներ, որ կարելի է սահմանափակել Վրաստանի տարածք տպագիր արտադրանքի ներմուծումը»,- ասված է հայտարարության մեջ: