Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-երի միջեւ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը:

Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ` տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ԵՄ Արեւելյան գործընկերության իրականացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասնորեն ներկայացրել է վերոհիշյալ հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու ակնկալիքները:

Խորհրդատվություններին քննության է առնվել առաջիկայում Լեհաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:

Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացմանն առնչվող հարցերին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Լեհական կողմը բարձր գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը`զորակցություն եւ աջակցություն հայտնելով դրանց: