Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կվերակառուցի XVII դարի լոնդոնյան առանձնատունը` նկարիչ Ջեյմս Ուիսթլերի տունը: Պատմական շենքի վերակառուցման թույլտվությունն Աբրամովիչը ստացել է Քենսինգթոնի եւ Չելսիի իշխանություններից` երեք տարում:
Աբրամովիչը մտադիր է առանձնատունը միացնել հարեւան երկու շինություններին, գրում է Daily Mail-ը: Տան մի մասը կվերածեն գեղարվեստական թանգարանի, իսկ առանձնատան ներքեւում երկհարկանի նկուղ կկառուցվի: Վերանորոգման աշխատանքների համար կպահանջվի 10 միլիոն ֆունտ ստեռլինգ եւ երեք տարի, դրանք կսկսվեն մոտ օրերս:
Թաղամասի բնակիչները դժգոհ են Աբրամովիչի ծրագրերից: Նրանք կարծում են, որ վերանորոգումից հետո կփչանա տան տեսքը, ինչպես նաեւ կփակվի տեսարանը դեպի Թեմզա:
«Չելսիի» սեփականատերը, գրում է «utro.ru»-ն, առանձնատունը վերակառուցելու որոշումը կայացրել է Լոնդոնի Բելգրավիա թաղամասի էլիտար բնակարանային համալիրում մի քանի բնակարանների միացման թույլտվություն ստանալու անհաջող փորձից հետո:




























