«Սբերբանկի» լոնդոնյան ստորաբաժանման՝ Sberbank CIB-ի արժեթղթերի նախկին թրեյդեր Սվետլանա Լոխովան ընկերությանը դատի է տվել սեռային խտրականության համար: Արդյունքում 32-ամյա Լոխովան 2012-ի հունվարին ստացած սթրեսի պատճառով ստիպված արձակուրդ էր մեկնել եւ այլեւս չէր վերադարձել աշխատանքի:
Ըստ հայցի` նման բան տեղի էր ունեցել, քանի որ տղամարդիկ ընկերությունում ստեղծել էին միջսեռային թշնամական մթնոլորտ եւ «ստորացուցիչ ու վիրավորական վերաբերմունք ցուցաբերել կանանց նկատմամբ»: Մինչդեռ, ըստ «Սբերբանկի», Լոխովան աշխատանքից ազատվել էր աշխատանքային վատ ցուցանիշերի պատճառով:
Հայցում ասվում է, որ կապիտալի վաճառքի բրիտանական բաժանմունքի ղեկավար Դեւիդ Լոնգմուիրը Լոնդոն նոր աշխատակցուհու գալուց երկու օր առաջ հաճախորդներին էլեկտրոնային նամակներ էր ուղարկել, որոնցում հայտնել էր «տիկին թմրամոլի» ժամանման մասին, եւ հստակեցրել, որ ղեկավարությունը «խելառ Սվետլանային» վարձել է բաժնետոմսերը սակարկելու համար: Լոնգմուիրը հայտնել էր, որ իր արտահայտությունները պայմանավորված են եղել ոչ թե Լոխովայի սեռային պատկանելությամբ, այլ վերջինիս հանդեպ անձնական թշնամանքով:
Լոխովան հայցում նաեւ նշել է, որ գործընկերները նամակագրության ժամանակ ինչ-որ պահի ասել են, թե ինքը պետք է այցելի Նիգերիայի ցեղային առաջնորդներին, որոնք «կհանգստացնեն» իրեն, գրում է NeWSru.com-ը` վկայակոչելով Bloomberg-ին:
Լոնդոնի Sberbank CIB գրասենյակը նախկինում «Տրոյկա դիալոգի» մասն էր, որը 2012թ. հունվարին գնել էր «Սբերբանկը»:




























