Բուլղարիան կարող է որոշում ընդունել իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ) տեղակայելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը: Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նա ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այդ նախագիծը ԵՄ-ում հավանության արժանանալուց հետո: Վարչապետի խոսքով, ՀՀՊ տեղակայելու համար անհրաժեշտ կլինի նաեւ ստանալ Բուլղարիայի խորհրդարանի հավանությունը:

«Ռադիո Բուլղարիա» ռադիոկայանի փոխանցմամբ` Սոֆիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Բուլղարիայի տարածքում ամերիկյան ՀՊՊ համակարգեր տեղակայելու հարցը դեռ գտնվում է քննարկման ամենավաղ շրջանում:

Իր հերթին, Ռուսաստանի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի ավագ փորձագետ Մաքսիմ Մինաեւը «Վզգլյադ» թերթում հայտարարել է, որ այդ հայտարարությունները պետք է դիտարկել ԱՄՆ կողմից իր ծրագրերի իրականացման ձեւաչափը փոխելու համատեքստում: Նա չի բացառել, որ այդ նախագծին կարող է միանալ նաեւ Վրաստանը:

Հիշեցնենք, որ 2009-ի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ փոփոխություններ է մտցնում իր ծրագրերում՝ կապված ՀՀՊ համակարգեր ստեղծելու հետ: ԱՄՆ-ը չի հրաժարվել Եվրոպայում ՀՀՊ համակարգեր տեղակայելու մտքից, սակայն դրանք հետաձգել է մինչեւ 2015 թվականը: