Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, ով այսօր` փետրվարի 28-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին կհեռանա Պռոմի Պապի գահից, վերջին անգամ հանդիպել է կարդինալների հետ, նշելով. «Ձեր շարքում է նաեւ ապագա Պապը»: Նա խոստացել է ամբողջությամբ հարգել ու ենթարկվել իր հաջորդին:
Բացի այդ, Բենեդիկտոս XVI-ը շնորհակալություն է հայտնել կարդինալներին իրեն օժանդակելու համար: «Ձեր մտերմությունն ու խորհուրդները շատ են օգնել ինձ իմ ծառայության ընթացքում: Ինձ համար ուրախություն էր ձեզ հետ անցնել այս տարիները»,-ասել է Պոնտիֆիկը:
«Բենեդիկտոսի պապական ոսկե մատանին կկոտրվի արծաթե մուրճով»,-հաղորդել է Վատիկանի ռադիոն:
Այս հանդիպումից հետո, Երեւանի ժամանակով 20:00-ին Հռոմի Պապը ուղղաթիռով կուղեւորվի Կաստել Գանդոլֆոյի նստավայր:
Երբ ուղղաթիռը թռչի քաղաքի վրայով, բնակիչները ջահերով հրապարակ դուրս կգան: Մինչ այդ նա իր նստավայրի պատշգամբից վերջին անգամ հրապարակային ուղերձով կդիմի հավաքվածներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին 86-ամյա Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ հրաժարվում է իր գահից, քանի որ զգում է, որ ուժերն իրեն լքում են:




























