Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երեւանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ  Սումգայիթի  անմեղ  զոհերի:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի ղեկավարներ եւ անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական այլ կազմակերպությունների ու լրագրողներ, մտավորականներ:

Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան սուրբ պատարագ:

Նույն օրը հոգեհանգստյան պատարագներ են մատուցվել նաեւ  Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա եւ Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25  տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես են եկել բուլղարահայ եւ  բուլղար  մտավորականներ ու  գիտնականներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշել է, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը եւ ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի  ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ արժանացել են պետական բարձր պարգեւների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ է անցկացրել` նշելով, որ  25 տարի անց,  ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր եւս շարունակում է այդ նույն քաղաքականությունը: «Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից»,-իր խոսքն ամփոփել է դեսպան Սհոյանը:

Զեկույցներով հանդես են եկել նաեւ բուլղարահայ եւ բուլղար մտավորականներ ու  գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլեւ հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտել են սումգայիթյան ջարդերը եւ միավորվել մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր եւ հրապարակել այն: