ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բրին Մոր հիվանդանոցում փետրվարի 26-ին շնչառական անբավարարությունից մահացել է Երկրորդ համաշխարհայինի մասնակից, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր 90 –ամյա Ջեյմս Քելեշյանը, տեղեկացնում է ամերիկյան «Philly.com» կայքը:
Անցած տարի փետրվարին Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը նրան շնորհել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը` Պատով լեգեոնի շքանշանը: Քելեշյանը ծնվել է 1922 թ. Արեւմտյան Ֆիլադելֆիայում: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ավտոմեխանիկ Քելեշյանը դարձել է «B-24 Liberator» ռմբակոծիչների վեց լավագույն օդաչուներից մեկը:
50-րդ օդային առաքելությունից հետո նա դադարել է թռչել 1944 թ. մայիսին: 1940-ականների կեսերին նա մեխանիկ է աշխատել «General Motors» կորպորացիայում: Քելեշյանը թոշակի է անցել 1976թ-ին եւ սկսել երկրորդ կարիերան` որպես «Videon Chevrolet»-ի պատվերների մշակման եւ ընդունման միջնորդ:




























