Լոս Անջելեսում կալանավորվել է Ամար Հարիսը, որը Լաս Վեգասի բուլվարում հրաձգություն էր սկսել, ինչի հետեւանքով վեց ավտոմեքենաների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, երեք մարդ զոհվել էր:
Հարիսը Հյուսիսային Հոլիվուդի տներից մեկում է եղել եւ ձերբակալության ժամանակ չի դիմադրել: Մամուլի ասուլիսի ժամանակ շրջանային դատավորը հայտնել է, որ եթե Հարիսը մեղավոր ճանաչվի, նրան մահապատիժ է սպառնում եռակի սպանության, սպանության փորձի եւ հրաձգության համար, հայտնում է NEWSru.com-ը:
Ըստ քննության տվյալների`Ամար Հարիսը կռվել էր տեղական ռեփերների շրջանում Քեննի Կլաչ անվամբ հայտնի 27-ամյա Քենեթ Չերիի հետ, Լաս Վեգասի խաղատան տարածքում: Երիտասարդներն սկսել են հարաբերություններ պարզել: Հարիսը կրակ է բացել Maserati-ով գնացող իր հակառակորդի վրա, որի հետեւանքով վերջինս վիրավորվել է եւ կորցրել կառավարումը: Maserati-ն բախվել է հինգ մեքենաների, որոնցից մեկը` տաքսին, պայթել է: Տաքսու վարորդը եւ ուղեւորուհին տեղում մահացել են, ինչպես եւ Չերին: Եվս հինգ մարդ, այդ թվում նաեւ Maserati-ի ուղեւորը, տեղափոխվել են հիվանդանոց:




























